Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Առանց Աստծո ճանապարհը տանում է դեպի կործանում... «Տէր բանայ զաչս կուրաց» Սաղմ. ՃԽԵ, 8

Առանց Աստծո ճանապարհը տանում է դեպի կործանում...  «Տէր բանայ զաչս կուրաց» Սաղմ. ՃԽԵ, 8
28.08.2009 | 00:00

ՀՈԳԵՎՈՐ ԿՈՒՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԻՎԱՆ ԻԼՅԻՆ
Մարդկանց մոտ հաճախ է լինում այսպես. եթե որևէ մեկն ինչ-որ բանից զրկված է լինում, ապա իր համար ցավալի է տեսնել, որ ուրիշներն ունեն դա։ «Եթե ես չունեմ, թող ուրիշներն էլ չունենան»։ Տհաճ է գիտակցել, որ դու զրկված ես ու անտեսված։ ՈՒրիշի առավելությունը խայթում է ու վիրավորում, և հազվադեպ է լինում, որ մեկը կարողանա «ներել» ուրիշների շնորհալիությունը։ Դառնության զգացումն ու անբարյացակամությունն այնքան հեշտ են վերածվում նախանձի և չարության։ Իսկ եթե անտեսված նախանձը հասնի իշխանության ու, կարող է պատահել, նույնիսկ անսահմանափակ իշխանության ուրիշների վրա, այդ դեպքում նրա չնչինությունը կարող է դառնալ իր համար կատարելապես անհանդուրժելի, և նա կանի ամեն ինչ, որ խլի իր իշխանության տակ գտնվող մարդկանցից իրենց «անտանելի» ու «աններելի» առավելությունը։ Այս պատճառով պատմության ընթացքում շատ անգամ առաջանում են ողբերգական ընդհարումներ բռնակալների ու տաղանդների միջև։ Եթե ականջ դրվի, թե ինչ են ասում ժամանակակից մարտնչող անաստվածները, ապա տպավորությունն այնպիսին կլինի, որ, կարծես, լսում ես խելահեղ քարոզիչներին` անաստվածության քարոզիչներին, ովքեր ձգտում են մարդկանց վզին փաթաթել նոր կրոն։ ՈՒ հիրավի, դա անաստվածության և հակաաստվածության կրոն է։ Բանն այն չէ, որ այդ մարդիկ կորցրել են ինչ-որ կապ Աստծո հետ, նրանք նաև ընկալում են իրենց անաստվածությունն իբրև մեծագույն նվաճում, որպես «ազատագրող իսկություն», «խնդալից ավետում», մի խոսքով` նոր հայտնություն։ Այդպիսի տպավորությունը պատահական չէ, այն պատմականորեն հիմնավորված է և անխուսափելի։ ՈՒ նա, ով լուրջ կխորհի նոր ժամանակների այդ երևույթի մասին, կզգա խոր թախիծ ու անհանգստություն։
Այդ թախիծը սկզբից նման կլինի այն ճնշող զգացողությանը, որ մենք կրում ենք կույր ծնվածի կամ խուլ ու համրի առաջ։ Մենք տեսնում ենք մի դժբախտ մարդու, որը զրկված է թանկագին ու հիասքանչ օրգանից, որը հարստացնում է ու պայծառացնում հոգին։ Այդ օրգանը բացում է մեր առաջ այնքան բազում բաներ աշխարհում, նա շնորհում է մեզ` տեսունակներիս և լսողներիս, կյանքի բովանդակությունների այնպիսի հարստություն, խորին, նշանակալից և մաքուր ապրումների այնպիսի հեղեղ, որ մենք անգամ չենք կարող պատկերացնել մեզ առանց դրանց։ Մեր առաջ բացվում է աշխարհի և իրերի առանձնահատուկ և ինքնախոհ չափումը, նա տալիս է մեզ անսահմանորեն շատ լույս ու խնդություն։ ՈՒ հանկարծ մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր զուրկ են այդ օրգաններից և ովքեր, ակնհայտորեն, նույնիսկ չեն էլ ենթադրում, թե ինչ ենք մենք ընկալում և ստանում նրանց միջոցով։ Բնականաբար, այդ անտեսված մարդկանց առջև մեզ համակում է մի զգացում, որը միախառնված է կարեկցանքին, ծանր թախիծին և շփոթվածությանը։ Այդպիսին է մոտավորապես այն առաջին զգացումը, որ մենք կրում ենք` հանդիպելով կյանքի ուղու վրա հոգեպես կույր ծնված անաստվածին։ Ինչի՞ մեջ է նա տեսնում աշխարհն առանց Աստծո։ Իսկ ի՞նչ է նա տեսնում բնության մեջ ու ինչպե՞ս է պատկերացնում մարդկային հոգին։ Ինչպե՞ս է նա հաղթահարում կյանքի տառապանքներն ու հրապուրանքները։ Ինչո՞ւմ է նա տեսնում մարդու կոչումն ու ճակատագիրը։ Չէ՞ որ աշխարհը պետք է թվա նրան բոլորովին մեռած, տափակ ու գռեհիկ, իսկ մարդկային ցեղի ճակատագիրն` անիմաստ, կույր ու դաժան։ Եվ ահա մեր մեջ արթնանում է պատասխանատվության անորոշ զգացում և, կարող է պատահել անգամ` մեղավորության, քանզի մենք բախտավոր ենք, իսկ նա` դժբախտ, մեզ տրված է հոգևոր հարստություն, ինչից նա զրկված է, մենք զննում ենք ու տեսնում, իսկ նա կույր է։ Չէ՞ որ հարկավոր է օգնել նրան։ Իսկ ի՞նչ ենք արել մենք դրա համար։ Ի՞նչ է պետք անել, որպեսզի հոգում վերականգնվի ոգու օրգանը։ Ինչպե՞ս վարվել այդպիսի մարդկանց հետ։ Եվ կարելի՞ է արդյոք հաշտվել նրանց դատապարտված լինելու հետ։ Եվ հանկարծ մենք կռահում ենք, որ ինքն անգամ չի նկատում իր կուրությունն ու բնավ էլ չի համարում դա կուրություն, հակառակը, նա չափազանց գոհ է, որ չունի այդ հոյակապ օրգանը, այդ հոգևոր ունակությունը` զննելու, տեսնելու և հավատալու։ Նա բոլորովին չի էլ ցանկանում ձեռք բերել այն։ Այդ աղքատը համարում է իրեն մեծահարուստ, այդ ծանր հիվանդը կարծում է, որ նա փայլուն առողջության տեր է, ընկալում է իրեն որպես մի նոր էակ, որը մեծ ապագա ունի։ Նա «լուսավորված մտածող» է, իսկ մենք թափառում ենք խավարի մեջ։ ՈՒ հենց այդ պատճառով նա պիտի լուսավորի մեզ, ազատի և ցույց տա ճանապարհը դեպի նոր, իսկական երջանկություն։ Մի խոսքով, նա ծնված է տիրելու, իսկ մենք կոչված ենք հնազանդության։ ՈՒ հանկարծ մենք տեսնում ենք, որ ամեն ինչ խեղաթյուրված է ու տակնուվրա արված։ Այդպես լինում է սոսկալի երազներում` մարդիկ քայլում են մեջքով դեպի առաջ, կամ ընկնում են ոչ թե ներքև, այլ վերև, տեսնում ես քեզ կուրացած և այդ պատճառով զգում ես ուրախություն և հպարտություն, զգում ես քեզ չար սև ուտիճ, բայց, այնուամենայնիվ, պատրաստվում ես տիրել աշխարհին։ ՈՒ վերջապես արթնանում ես ու փառք տալիս Աստծուն, որ այդ երազները վերջացան։
Նման մի բան ենք զգում, երբ ականջ ենք դնում այսօրվա անաստվածների քարոզներին։ Կարեկցանքի զգացումն արագ անցնում է ու տեղի տալիս զարմանքին ու սրտմտությանը։ Մենք տեսնում ենք մեր առաջ չափազանց ինքնավստահ և հավակնոտ մարդկանց, ովքեր հիմարաբար ընդունում են իրենց հոգևոր խեղճությունն իբրև թե բարձրագույն շնորհ, իսկ իրենց տափակ անհեթեթությունները` որպես «հայտնություն», նրանք համարում են մեզ հետամնաց, «խավարապաշտ», նախապաշարումների և սնահավատության ստրուկներ։ Նրանք հայտարարում են մեզ ազգի թշնամիներ ու վնասարարներ և առաջարկում` կամ «միտքը փոխել» ու համաձայնել իրենց հետ, կամ պատրաստվել տանջանքների ու մահվան։ Ահա թե նրանք մոտավորապես ինչ են ասում մեզ. «Մենք` անաստվածներս, չենք տեսնում ոչ մի Աստված ու չենք էլ ուզում լսել Նրա մասին որևէ բան։ Եվ դա հիանալի է, դա նոր ազատության սկիզբն է։ Իսկ եթե դա կուրություն է, թող բոլորը կուրանան մեզ նման։ Միայն այդ դեպքում բոլորը կդառնան ազատ և կսկսվի նոր կյանք։ Մեզ համար ոչ մի Աստված չկա, իսկ դուք, մնացած բոլորդ, չհամարձակվեք հավատալ Նրան։ Սովորեք մեզնից, քանզի մենք կոչված ենք դաս տալու և ղեկավարելու։ Իսկ եթե դուք համաձայն չեք, ապա մենք կոչնչացնենք ձեզ, որ երկրի վրա չմնան ձեզ նմանները»։ Մենք լավ գիտենք, թե ինչ է լինում, երբ կույրն առաջնորդում է մյուս կույրին` երկուսն էլ ընկնում են փոսը։ Բայց որ կույր մարդիկ հանձն առնեն առաջնորդելու տեսունակներին, դա չլսված բան է։ Պատասխանել դրան խղճահարությամբ կամ կարեկցանքով` անհնարին է։ Այստեղ որոշիչը դառնում է պատասխանատվության և վրդովմունքի զգացումը։ Հարկավոր է դուրս ելնել արդարացի գործի պաշտպանության համար և վերականգնել իրերի բնական կարգն ու կանոնը։ Իհարկե, չի կարելի «արգելել» անաստվածներին իրենց անաստվածությունը` արգելքով այստեղ չես օգնի և իրենց իսկ չես վնասազերծի։ Հավատքի ազատությունը նշանակում է և անհավատության ազատություն։ Չի կարելի հարկադրել մարդուն հավատալ կամ չհավատալ։ Դառնալ դեպի Աստված և անվերապահ հավատալ Նրան կարելի է միայն ազատության մեջ։ Բայց մենք պետք է ընդունենք նրանց մարտահրավերն ու տանք նրանց արժանի պատասխան։ Մենք պետք է ապացուցենք, որ իրենց նոր, կարծեցյալ «հայտնությունն» իրականության մեջ կուրություն է, ինքնախաբեություն ու խավար, որ այն չի տալիս նրանց ոչ մի իրավունք իշխելու և տանում է դեպի կործանում։
Մենք` Աստծուն հավատացողներս, բնավ կույր չենք։ Մենք տեսնում ենք այն ամենը, ինչ տեսնում են անաստվածները, բայց դա մենք այլ կերպ ենք մեկնաբանում և գնահատում։ Սակայն դրանից վեր մենք տեսնում ենք նաև այլ, անհամեմատ ավելի կարևոր, թանկագին, խորին ու սրբազան մի բան, որը նրանք չեն տեսնում։ Այդ պատճառով մեզ չի կարելի հայտարարել ոչ «երևակայամոլ», ոչ էլ «կեղծավոր»։ Մենք գործ ունենք հիրավի գոյություն ունեցող իրական բաների հետ, մեզ պետք չէ նրանց հորինել, ու կարիք չկա բնակեցնել դատարկությունները սեփական ստերով։ Այն, ինչ մենք տեսնում ենք, ոչ մի կերպ չի կարելի համարել հալյուցինացիա։ Հալյուցինացիան զգացական մտապատկերի խաբվածություն է, իսկ մեր զգայական ապրումները մնում են զգաստամիտ, բնական և առողջ։ Մենք խելագար չենք, մենք զգում ենք երկրայինը բոլոր խելացի մարդկանց պես, չաղճատելով այն ո՛չ պատրանքներով, ո՛չ երազներով։ Հավատացյալ մարդկանց մեջ են շատ հանճարեղ գիտնականներ և գյուտարարներ, օրինակ` Կոպեռնիկոսը, Բեկոնը, Գալիլեյը, Կեպլերը, Լայբնիցը, Բոյլը, Լիբիխը, Մայերը, Շլայդենը, Ֆեհները և շատ ուրիշներ։ Մի՞թե նրանք չեն ստեղծել մեր դրական գիտությունը։ Երբ և որտեղ են նրանք թափառել անբովանդակ ֆանտազիաներով կամ տրվել հալյուցինացիաներին։ Դրանք զգաստամիտ դիտորդներ էին, սրատես հետազոտողներ, պատասխանատու մտածողներ, առարկայության մեծ վարպետներ։ ՈՒ նրանք հավատում էին Աստծուն և բացահայտորեն ասում դրա մասին։ Ի՞նչ հիմունքների վրա էր կառուցվում նրանց հավատքը։ Նրանց հայեցողական փորձն իրենց առաջ բացում էր ոչ միայն զգացական-երկրային և նյութական աշխարհը, այլև ոգու և իր ռեալության փառահեղ ծավալները։ Իսկական հավատքն առաջանում է ո՛չ սուբյեկտիվ տրամադրություններից, ո՛չ էլ քմահաճ հորինվածքներից։ Նա ծնունդ է առնում լիարժեք փորձառության միջոցով ու լինում է միշտ արմատավորված ոգու առարկայական հայեցության մեջ։ Այդ հոգևոր փորձառությունը գործ ունի ոչ զգացական ռեալությունների (խիղճ) կամ ոչ միայն զգացական (գեղարվեստ) կամ ուղղակի գերզգայական (կրոն) բնույթի իրական հասկացությունների հետ։ Այդ փորձառությունը «երազանք» չէ ու ոչ էլ ցնորվածություն։ Նա պահանջում է հոգևոր զգաստություն և ենթարկվում հոգևոր ստուգման։ Նա ունի իր նախապատրաստությունը, իր մաքրվելն ու հստակ վարժությունները, նա իրականանում է առարկայական ընկալման մեջ և հասնում լիակատար ու վերջնական ակներևության։ Եվ նա, ով կանխապես մերժում է այդ ամենը ու չի ցանկանում իմանալ դա, չունի ոչ իրավունք, ոչ հիմք քննադատելու հավատքն ու ժխտելու կրոնը։ Ի՞նչ կարող է ասել կույր ծնվածը հոյակապ նկարի կամ սքանչելի ծաղկի գույների մասին։ Ոչի՛նչ...
Եվ հանկարծ ինչ-որ մեկն այդ պատճառով հետևություն անի, որ այդ նկարը բնավ գոյություն չունի, կամ որ այդ ծաղիկը մեր հալյուցինացիան է։ Ով կհավատա խուլ ու համրին, եթե նա հայտարարի, որ ոչ մի երաժշտություն չկա, որ այդ ամենը «կեղծավորների մտացածին բաներ են»։ Մարդը, որը զրկված է հոգևոր աչքից ու լսողությունից, չունի ոչ մի հիմնավորում և ոչ մի իրավունք խոսելու հոգևոր առարկաների մասին։ Մարած սրտով մարդը չգիտի ոչինչ սիրո մասին` ինչպե՞ս նա կարող է ըմբռնել Աստծո սերը։ Կհամարձակվի՞ արդյոք նա ժխտել այն և անարգաբար ծիծաղել նրա վրա։ Մարդը, որը չի ապրում գործերի բարոյական չափանիշներով ու ոչինչ չգիտի խղճի գործողության և երանելիության մասին, չի կարող ունենալ բարու և չարի ոչ էլ մեղքի ու գթասրտության, Աստծո բարության և քավության մասին ամենաչնչին պատկերացումը։ Ինչպե՞ս բացատրել նրան` ինչ է աղոթքը։ Ինչպե՞ս կհավատա նա, որ աղոթքը լինում է ընդունված և լսված։ Ինչպե՞ս նա կարող է համոզվել, որ ճշմարիտ հավատքն առաջանում է ոչ թե վախից, այլ նրան տրված է հաղթահարելու ամեն մի վախ։ Ինչպե՞ս բացատրել նրան, որը չի ճանաչում ոչ ոգի, ոչ ազատություն, որ հավատքն ազատագրում է հոգին, ու իր քարոզած անաստվածությունը բերում է վատագույն ստրկությանը` կրքերին, նյութին ու անաստված բռնակալներին։ Այո՛, իսկական հավատքը գործ ունի մեծագույն ու հիասքանչ ռեալությունների հետ, որոնք արթնացնում են մարդու ամենալավ ստեղծագործ ուժերը։ Շփվելով այդ ռեալությունների հետ` հավատացյալ մարդիկ ազատվում են չափազանց մարդկային վախերից ու չեն նահանջում անգամ այն դեպքում, երբ սկսվում է պայքարը կյանքի սրբազան հիմքերի համար։ Այդ ժամանակ վախը հաղթահարվում է ոգու զորությամբ, և մարդը հեռանում է կյանքից որպես հաղթանակող։ Եվ ժամանակակից անաստվածները կրոնի դեմ իրենց հալածանքներով կարող էին համոզվել դրանում բազմիցս։
Այդ մեծագույն և ամենապայծառ ռեալությունները բնավ չեն հայտնաբերվում ինչ-որ անհասանելի և սարսափելի մթության մեջ, ինչպես դա պատկերացնում են անաստվածները։ Աստված ապրում է ոչ միայն մեր զգացական աշխարհի «այն կողմում»։ Նա ներկա է և այստեղ, «այս կողմում»։ Նա շնորհում է մարդկանց Իր լույսն ու հոսեցնում Իր զորությունը։ Նա շնորհում է մարդկանց Ինքն Իրեն հայտնության միջոցով, ու մենք ընդունակ ենք ու կոչված ենք ընկալելու Իր կենարար շունչը և Իր կամքն ամենուրեք, ամեն ինչում։ Ամեն տեղ բնությունը կամ մարդկային մշակույթը բացահայտում են ինչ-որ հոյակապ, ճշմարիտ կամ կատարյալ բան` ամենուրեք Աստծո Հոգու շունչն է։ ՈՒ այնտեղ, որտեղ մենք հավաքվում ենք հանուն Նրա և աղոթում, այնտեղ Նա մեր մեջ է... ՈՒ երբ անաստվածները հարց են դնում մեր առաջ` ինչո՞ւ մենք չենք տեսնում Նրան մարմնավոր աչքով, մենք պատասխանում ենք` հենց այն պատճառով, որ մենք հալյուցինացիայի մեջ չենք` մենք ընկալում ենք Նրան ոչ մարմնավոր, ոչ զգայական, այլ ոգով, հոգևոր փորձառությամբ ու հոգևոր աչքով, և իզուր է մտածել, միամտորեն ու աղքատիկ երևակայել, ասես ռեալ է միայն այն, ինչը հասանելի է մեր «հինգ զգայարաններին»։
ՈՒ ինչպես աշխարհը չէր ստեղծվի առանց Աստծո, այնպես էլ ամբողջ մարդկային մշակույթը կկործանվեր, եթե Աստծո Ոգին հեռանար նրանից։ Չէր լինի կյանք առանց արևի։ Չի կարող լինել մարդկային ոգին առանց Աստծո։ Մարդը` մերժված ու լքված Աստծո կողմից, կորցնում է իր ստեղծագործ ուժը` նա դառնում է անսիրտ, առանց ոգեշնչման, դաժան մի արարած, որն անզոր է հայեցության ու նոր, կատարյալ ձևերի ստեղծման մեջ, այլ ավելի ունակ փոխադարձ տանջահարելուն ու համընդհանուր ավերածության, և նրա կյանքը լցվում է վախով, տաժանակիր աշխատանքով ու փոխադարձ մատնությամբ։ Պատմությունը տվել է այդ բոլորի ծանրակշիռ վկայությունները, մի՞թե անհրաժեշտ են նոր հաստատումներ և հետագա տառապանքներ։ Ով անաստվածություն է քարոզում, նա նախապատրաստում է մարդկանց համար ամենամեծ պատուհասները` սանձարձակություն, ստորացում, ստրկություն և տանջանք... Մեր սերունդը կոչված է ցույց տալու մարդկանց իրենց սպասող ահռելի ճակատագիրը, որպեսզի հավաստիացնի նրանց, որ առանց Աստծո ճանապարհը տանում է դեպի կործանում... Բայց ինչպե՞ս ցույց տալ դա հոգևոր կույր մարդկանց, ովքեր չեն կարող և չեն էլ ուզում տեսնել։
Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1790

Մեկնաբանություններ